Գերագահություն | գոյություն ունեցող այլ գահերի նկատմամբ ավագությունը
Չնայած Գագիկ I-ի գործադրած ջանքերին և շարունակվող տնտեսական ու մշակութային վերելքին՝ երկրի պառակտվածությունը հնարավոր չեղավ հաղթահարել։ Գագիկ I-ի իրավահաջորդների և ենթակա թագավորությունների շարունակական վեճերը Հայաստանը դարձրին բյուզանդական հավակնությունների հեշտ զոհը: Երկրի մի շարք գավառներ սկսեցին տնտեսապես և քաղաքականապես հեռանալ կենտրոնական իշխանությունից: Նրանց տիրակալները ձգտում էին անկախանալ Անիի Բագրատունիներից: Բյուզանդական կայսրությունը սկսեց մեկ առ մեկ կլանել այդ գավառները:
Ենթակա թագավորությունների ստեղծումը
Բագրատունյաց թագավորության հիմնադրման իսկ պահից թագավորները գրեթե մշտապես բախման մեջ էին կենտրոնախույս ուժերի դեմ: Վերջիններիս անկախանալու փորձերը խրախուսվում էին Արաբական խալիֆայության կամ Բյուզանդական կայսրության կողմից։ Արդյունքում երկրի քաղաքական կենտրոնացման գործընթացը մինչև թագավորության կործանումը մնաց մակերեսային և թերի:
Հայաստանի քաղաքական մասնատումը սկսվեց Վասպուրականից, որը բավականին ընդարձակ և տնտեսապես բարգավաճ իշխանություն էր: Միջազգային քարավանային առևտրական ուղիներից մեկն անցնում էր Վասպուրականի տարածքով և նրան տնտեսական առավելություններ էր տալիս: Սա կենտրոնական իշխանությունից անջատվելու նախադրյալներ ստեղծեց։ Եվ արդեն 908 թ. Գագիկ Արծրունին Ատրպատականի Յուսուֆ ամիրայի աջակցությամբ իրեն հռչակեց թագավոր: Յուսուֆը խալիֆի անունից նրան թագ ուղարկեց և ճանաչեց Հայոց թագավոր՝ հարկավ, երկրի մասնատվածությունը խորացնելու, իսկ ապա այն նվաճելու նպատակով: Այդպիսով ստեղծվեց Վասպուրականի Արծրունյաց թագավորությունը (908-1021), որը Բագրատունյաց Հայաստանի ենթակա թագավորություններից ամենաընդարձակն ու ամենազորեղն էր։ Թեպետ հետագայում Արծրունիներն ընդունեցին Բագրատունիների գերագահությունը, բայց այն մեծ մասամբ ձևական բնույթ էր կրում։
Կենտրոնական իշխանությունից զատվելու և առանձին թագավորություն հռչակելու հաջորդ քայլը եղավ մայրաքաղաքը Կարսից Անի տեղափոխելուց կարճ ժամանակ անց: Աշոտ III-ի եղբայր Մուշեղը, որն այդ ժամանակ Հայաստանի սպարապետն էր, մայրաքաղաքի փոփոխությունից օգտվելով՝ 963 թ. իրեն հռչակեց թագավոր և հիմնադրեց Վանանդի կամ Կարսի թագավորությունը (963-1065): Արդյունքում ստեղծվեց ևս մի թագավորություն՝ այս անգամ Բագրատունիներից սերվող:
Անիի Բագրատունիների մեկ այլ ճյուղն էլ թագավորություն հիմնեց Տաշիր- Ձորագետում: Աշոտ III-ի որդին՝ Գուրգենը, որը Տաշիրի կառավարիչն էր, 978 թ. հիմնադրեց Տաշիր-Ձորագետի թագավորությունը (978-1113)։ Հետագայում այն կոչվեց նաև Կյուրիկյան՝ «Գուրգեն» անվան տեղի «Կյուրիկե» ձևից։ Սմբատ II (977-990) արքան թույլ տվեց այս թագավորության ստեղծումը՝ ցանկանալով վերածել այն պատվարի հյուսիսային սահմանամերձ շրջաններում, բայց սա ևս կենտրոնաձիգ իշխանության թուլացման նշան էր: Կենտրոնական իշխանությանը ենթակա լինելու ձևական բնույթը դրսևորվեց Կյուրիկյանների ամենահզոր Դավիթ արքայի (989-1048) կառավարման ժամանակ։ Վերջինս անգամ հրաժարվեց ճանաչել կենտրոնի գերիշխանությունը: Գագիկ I արքան գրավեց նրա տարածքները՝ զրկելով թագավորությունից։ Այստեղից էլ նրա «Անհողին» մականունը։ Սակայն կաթողիկոսի միջնորդությամբ Դավիթը գնաց Գագիկ I-ի մոտ և հնազանդություն հայտնեց:
Կենտրոնախույս տրամադրություններ կային նաև Սյունիքում։ Դրանք դրսևորվել էին դեռևս IX դ. վերջերին-X դ. սկզբին՝ խրախուսվելով Ատրպատականի ոստիկանի կողմից։ Անկախանալու հաջորդ փորձն արեց Սյունյաց նշանավոր իշխան Սմբատը։ 987 թ. նա հռչակվեց թագավոր և Ատրպատականի աջակցությամբ հիմնադրեց Սյունիքի թագավորությունը (987-1170)։ Որոշ ժամանակ անց, կորցնելով Ատրպատականի հովանավորությունը, Սմբատ Սյունին կաթողիկոսի միջնորդությամբ ճանաչեց Անիի Բագրատունիների գերիշխանությունը։ Համեմատաբար փոքր տարածք զբաղեցնող այս թագավորությունը ամենակենսունակը գտնվեց՝ գոյատևելով շուրջ երկու դար:
Թոնդրակյան շարժումը
Բագրատունյաց թագավորության համար ոչ պակաս վտանգավոր էր Թոնդրակյան կրոնական շարժումը։ Այն առաջացավ, երբ դեռ չէր մարել Պավլիկյան շարժումը: Շարժման առաջնորդն ու գաղափարախոսը Սմբատ Զարեհավանցին (մոտ IX կամ X դդ.) էր: Նա Վանա լճի հյուսիսում գտնվող Թոնդրակ ավանում (որից և շարժման անվանումը) հիմնեց իր կենտրոնական համայնքը: Սմբատ Զարեհավանցին շփումներ էր ունեցել Պավլիկյան համայնքի հետ։ Երկար ճամփորդել էր Հայաստանում և հարևան երկրներում` ծանոթանալով ժամանակի ուսմունքներին ու գաղափարախոսություններին:
Թոնդրակցիների մասին պահպանված տեղեկություններից երևում է, որ նրանք ոչ միայն լավ կազմակերպված կրոնական համայնք էին, այլև սոցիալական վերափոխիչների և ապստամբների տպավորիչ խումբ: Նրանք պնդում էին, որ վերադառնում են քրիստոնեության ակունքներին՝ մերժելով եկեղեցիները, եկեղեցական աստիճանակարգը, եկեղեցական խորհուրդները, պատարագը և այլն։ Իրենց մոտեցումները հիմնավորում էին նրանով, որ այդ ամենն անհայտ էր Քրիստոսին և նրա աշակերտներին։ Թոնդրակցիների համայնքները կազմակերպված էին հավասարության սկզբունքով՝ առանց հոգևոր կոչումների ու աստիճանների։ Ընդ որում՝ հավասար էին նաև կանայք և տղամարդիկ։ Նրանք մերժում էին Քրիստոսի հարությունը, դրախտի գոյությունը և պնդում, որ մարդկային բարօրությունն ու երջանկությունը պետք է կառուցվեն երկրի վրա:
Թոնդրակցիների այս գաղափարները լայն տարածում գտան ժողովրդի մեջ։ Սա լրջորեն անհանգստացնում էր աշխարհիկ և հոգևոր իշխանություններին։ Սկսվեցին հալածանքներն ու հետապնդումները: Չնայած այդ ամենին՝ Թոնդրակյան շարժումը հնարավոր եղավ ճնշել միայն Բագրատունյաց թագավորության անկումից հետո՝ 1050- ական թթ., Բյուզանդիայի հետևողական միջամտությամբ:
Բագրատունյաց թագավորության անկումը
Գագիկ I-ի օրոք արտաքին պայմանները դեռ նոր էին կայունացել, երբ բյուզանդական բանակները հայտնվեցին Բագրատունյաց Հայաստանի սահմաններին։ Արևմուտքից եկող վտանգի առաջին զոհերը եղան Տարոնը, հետո Տայքը և Վասպուրականի Արծրունիների թագավորությունը։ 1021 թ. Սենեքերիմ Արծրունին Վասպուրականի թագավորությունը զիջեց Բյուզանդիային և գաղթեց Սեբաստիա: Իրավիճակն օրհասական էր նաև Անիի թագավորության համար, որն այժմ պառակտված էր Գագիկ I-ի երկու որդիների՝ Հովհաննես-Սմբատի և Աշոտ IV-ի միջև։ Զինված բախման վերաճած պայքարը հնարավոր եղավ դադարեցնել վրաց թագավորի, հայոց կաթողիկոսի և սպարապետ Վահրամ Պահլավունու միջնորդությամբ: Թագավորությունը բաժանվեց երկու եղբայրների միջև, իսկ կնքված հաշտությամբ Հովհաննես-Սմբատը (1020-1041) դարձավ Հայոց թագավոր՝ Անի մայրաքաղաքով: Նրա մահից հետո գահը ժառանգելու էր Աշոտը։ Շուտով դրությունն էլ ավելի սրվեց. 1021 թ. Վասպուրականն անցավ Բյուզանդիային, իսկ ավարտին մոտեցող բյուզանդա-վրացական պատերազմում (1021-1022 թթ.) ակնհայտ էր Բյուզանդիայի հաղթանակը: Սպասվող բյուզանդական հարձակումը չեզոքացնելու նպատակով Հովհաննես-Սմբատ արքան կաթողիկոս Պետրոս Գետադարձին ուղարկեց Տրապիզոն՝ բյուզանդա-վրացական բանակցություններին մասնակցելու։ Վերջինս Վասիլ II կայսեր հետ 1022 թ. Տրապիզոնում պայմանագիր («կտակ») կնքեց, համաձայն որի՝ Հովհաննես-Սմբատի մահվանից հետո Անիի թագավորությունն անցնելու էր Բյուզանդիայի կայսրին: Իսկ արդեն 1041 թ. անհայտ հանգամանքներում հաջորդաբար մահացան նախ Աշոտը, ապա Հովհաննես-Սմբատը: Բյուզանդիան անմիջապես զորք ուղարկեց՝ «կտակի» համաձայն տիրելու թագավորությանը: Չնայած դեպքերի նման զարգացմանը՝ Բագրատունյաց պետությունը դեռ բավականաչափ ուժ ուներ ժամանակավորապես զսպելու բյուզանդական հարձակումները: Սպարապետ Պահլավունին կարողացավ ջախջախել բյուզանդական զորքերին և գահ բարձրացնել Աշոտի 18-ամյա որդուն՝ Գագիկ II-ին (1042-1045): Չկարողանալով կոտրել հայերի դիմադրությունը՝ Բյուզանդիան անցավ դիվանագիտական ճնշումների: Ի վերջո, բյուզանդասերների խմբավորման՝ կաթողիկոս Պետրոս Գետադարձի և արքունիքում լուրջ ազդեցություն ունեցող Վեստ Սարգսի միջոցով, բանակցությունների պատրվակով Գագիկ II-ին համոզեցին մեկնել Կոստանդնուպոլիս, որտեղ նա կալանավորվեց և այլևս չվերադարձավ հայրենիք: Բյուզանդական զորքերը, չնայած մի քանի պարտություններին, ի վերջո գրավեցին Անին:
Այդպիսով՝ 1045 թ. Անիի Բագրատունյաց թագավորությունն անկում ապրեց և անցավ Բյուզանդիայի տիրապետության տակ:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչպե՞ս առաջացան ենթակա թագավորությունները:
Ենթակա թագավորությունները առաջացան, երբ ավելի փոքր կամ թույլ թագավորությունները ստիպված էին ենթարկվել հզոր պետության՝ պահպանելով որոշ ինքնավարություն։ Նրանք հարկ էին վճարում, հավատարմություն էին ցույց տալիս և երբեմն ռազմական օգնություն էին տալիս գերիշխանին՝ փոխարենը ստանալով պաշտպանություն կամ ներքին ինքնավարություն։
2. Ինչո՞վ էր պայմանավորված կենտրոնախույս ուժերի ակտիվացումը (թվարկի՛ր մի քանի պատճառ)։
Կենտրոնական իշխանության թուլացում
Տեղական ազնվականների զորեղացում և հարստացում
Արտաքին վտանգների ժամանակ՝ կենտրոնի անկարողություն պաշտպանել բոլոր շրջանները
Տեղական ինքնավարության ավանդույթների ուժեղացումը
Քաղաքացիական հակասություններ կամ ժառանգական վեճեր կենտրոնում
3. Ինչո՞վ էին վտանգավոր ենթակա թագավորությունների և Թոնդրակյան շարժման գաղափարները և գործողությունները կենտրոնական իշխանության համար:
Ենթակա թագավորություններն ու Թոնդրակյան շարժումը վտանգավոր էին, որովհետև թուլացնում էին կենտրոնական իշխանությունը, խարխլում պետական միասնությունը, հակադրվում էին եկեղեցուն ու սոցիալական կարգին, ինչպես նաև խթանում էին ապստամբություններ ու պառակտում։
4. Ի՞նչ ես կարծում, ինչո՞վ էր գայթակղիչ Թոնդրակյան շարժման գաղափարախոսությունը, որ այն այդքան արագ տարածվում էր:
Թոնդրակյան շարժման գաղափարախոսությունը գայթակղիչ էր, քանի որ այն քարոզում էր հավասարություն, մերժում էր եկեղեցական հարկերն ու ժողվրդին ճնշող կանոնները, հանդես էր գալիս հանուն հասարակ մարդու ազատության և դեմ էր ազնվականների ու եկեղեցու իշխանությանը։ Այս գաղափարները գրավիչ էին ճնշված խավերի համար, ուստի շարժումը արագ տարածվում էր։
5. Ինչո՞ւ Անիի Բագրատունիներին չհաջողվեց ստեղծել կենտրոնաձիգ պետություն, ինչո՞ւ նրանք չկարողացան զսպել անջատողական ձգտումները և թույլ չտալ ենթակա թագավորությունների առաջացումը:
Կենտրոնական իշխանությունը թույլ էր և նյութապես կախված էր այլոց աջակցությունից,
Տեղական իշխանները (նախարարներն ու թագավորությունները) շատ զորեղ էին և ինքնուրույն,
Արտաքին վտանգները՝ բյուզանդացիները և մուսուլման ամիրայությունները, խաթարում էին կայունությունը,
Չկային հստակ վարչական ու հարկային կառավարման մեխանիզմներ,
Թագավորների միջև ժառանգական պայքարները թուլացնում էին կենտրոնը,
Բնակչության մի մասը աջակցում էր տեղական իշխաններին՝ նրանց մոտ գտնվելու և պաշտպանվելու համար
6. Կարելի՞ է արդյոք արդարացնել Տրապիզոնի պայմանագիրը («կտակը»), արդյո՞ք հնարավոր էր այն չեղարկել։ Ինչպե՞ս:
Տրապիզոնի պայմանագիրը (կամ «կտակը») դժվար է լիովին արդարացնել, քանի որ դրա միջոցով Անիի Բագրատունիները անկախ պետությունը փոխանցեցին Բյուզանդիային՝ առանց ժողովրդի կամ տեղական իշխանների համաձայնության։
Սակայն որոշ չափով այն կարելի է հասկանալ, որովհետև՝
- Արտաքին սպառնալիքները մեծ էին (հատկապես Սելջուկները),
- Կենտրոնական իշխանությունը թույլ էր ու չէր կարող պաշտպանել երկիրը,
- Թագավորը հույս ուներ, որ Բյուզանդիան կպաշտպանի հայերին։
Չեղարկելն իհարկե հնարավոր էր, եթե՝
- Ներքին իշխանները միավորվեին ու զորացնեին կենտրոնը,
- Ժողովրդական շարժում բարձրանար՝ դեմ պայմանագրին,
- Գտնվեր դաշնակից պետություն, որ աջակցեր Անին անկախ պահելու համար։
Այսինքն՝ որոշում կար ճնշման տակ, բայց այլընտրանքներ հնարավոր էին, եթե լիներ միասնականություն։
7. Փոփոխություն և շարունակականություն
Պատկերացրու, որ դու կաթողիկոս Պետրոս Գետադարձն ես կամ Վեստ Սարգիսը և պետք է Գագիկ արքային համոզես, որ մեկնի Կոստանդնուպոլիս՝ բանակցությունների: Ինչպե՞ս կփորձես համոզել նրան, որ մեկնի Կոստանդնուպոլիս: Հիմա փորձի՛ր հակառակը համոզել արքային:
Ի՞նչ ես կարծում, եթե Գագիկ II արքան չգնար բանակցելու, դա ի՞նչ խնդիրներ կառաջացներ։ Արդյո՞ք հայկական զորքերը կկարողանային դիմակայել Բյուզանդիայի հարձակմանը։
Ի՞նչ ես կարծում, եթե Գագիկ II արքան չգնար բանակցելու, դա ի՞նչ խնդիրներ կառաջացներ։ Արդյո՞ք հայկական զորքերը կկարողանային դիմակայել Բյուզանդիայի հարձակմանը։